AM
13 Հունիս 2012 - 05:26 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ էներգետիկայի նախարարը փորձել է համոզել վարչապետին, որ Ամուլասարի հանքավայրը վնաս չէ շրջակա միջավայրին

«ՉԻ»-ն գրում է, որ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երկարատև զրույց է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Տարածված լուրերի համաձայն` Մովսիսյանը վարչապետին փորձել է դրական ֆոնի վրա ներկայացնել Ամուլասարի ոսկու հանքավայրի շահագործման փաստը` նկատելով, որ դրա շահագործումը առանձնապես վնաս չի հասցնի շրջակա միջավայրին: Մովսիսյանը նաև հավելել է, որ «Գոեթիմ» ՓԲԸ-ն իսկապես բարեխիղճ ընկերություն է, և որ նա փորձում է գործել օրենքի տառին ու ոգուն համահունչ: Նույն լուրերի համաձայն, խոսվում է, որ վարչապետը Մովսիսյանին լսելուց հետո ընդամենը պատասխանել է. «Ամեն գործ պետք է հանգիստ արվի, առանց շտապելու ու աղմուկ-աղաղակի: Մեզ պետք չեն ավելորդ խոսակցություններ ու արհեստական լարվածություններ»:

Թերթն ավելացնում է, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները օրերս դիմել էին ՀՀ բնապահպանության նախարարին` ահազանգելով շրջակա միջավայրին սպառնացող բոլոր վտանգների մասին, ի դեպ` նույն Ամուլասարը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի միջև` Ջերմուկ քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Իսկ Ջերմուկում վստահ են, որ մի քանի կմ այն կողմ շահագործվող հանքը բացասաբար է անդրադառնալու քաղաքի զբոսաշրջության վրա: Այնինչ, Ջերմուկը զբոսաշրջության կենտրոն է համարվել հենց ՀՀ կառավարության կողմից: Ամուլասարի հանքի շահագործման վերաբերյալ իր բացասական կարծիքով աչքի է ընկել նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Իսկ ահա նույն տարածքից ընտրված պատգամավոր Աշոտ Արսենյանին ջերմուկցիները չեն կարողանում հանդիպել ու իրենց ասելիքը փոխանցել` ուղղված մասնավորապես ՀՀ կառավարությանը: