AM
13 Հունիս 2012 - 07:26 AMT

Դեսպան Ազնավուրը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին փախստականների հարցի լուծման նախաձեռնություններում

Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորեց Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը:

Դեսպանը ընդգծեց նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:

Պարոն Գուտյերեսը նշեց իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատեց գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում: