AM
14 Հունիս 2012 - 07:26 AMT

ՀՀ ԿԲ-ն թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առեւտրային նիշը: Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է եւ հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»: Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքեւում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Վերեւի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2012»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերև «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 – 1990»:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի անվանական արժեքն է 100 դրամ, մետաղը եև հարգը` արծաթ, 9250 , քաշը`28,28 գ, չափը` 28,0 x 40,0 մմ, դրամաշուրթը` հարթ, որակը` պրուֆ, տպաքանակը` մինչև 5555 հատ: