AM
15 Հունիս 2012 - 06:19 AMT

«Ժողովուրդ». Նախագահին չի հաջողվում վերջնական կողմնորոշվել նախարարներ նշանակելու հարցում

Թերթը գրում է, որ երեկ ՀՀԿ նիստի հետաձգման առիթով թերթին մեկնաբանություն է տվել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտրարարեց, որ նիստը հետաձգվել է որոշ կազմակերպչական, տեխնիկական խնդիրների պատճառով և կկայանա այսօր` երեկոյան: Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: «Իսկ ահա «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանին պարզապես չի հաջողվում վերջնական կողմնորոշվել կադրերի հարցում: Նա ցանկանում է միաժամանակ և´ փոքր-ինչ փոփոխություն կատարել (գոնե 5 նախարարություններում նշանակելով նոր դեմքերի) և´ պահպանել թիմը», գրում է թերթը:

Թերթը հայտնում է նաև, որ այսօր էլ որևէ հստակ որոշում չի կայացվելու, այլ կառավարության կազմը ամբողջությամբ պարզ կլինի շաբաթ օրը: «Բանն այն է, որ Ս. Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել նաև ՕԵԿ-ի հարցում. պարզ չէ` նրանց տալու է աշխատանքի և սոցիալական հարցերի, թե քաղաքաշինության նախարարությունը»,-գրում է թերթը: