AM
15 Հունիս 2012 - 08:34 AMT

Ջրաշխարհի և Դելֆինարիումի ջրամատակարարումը չի խանգարում Երևանի ջրամատակարարմանը

Ջրաշխարհի և Դելֆինարիումի ջրամատակարարումը ոչ մի կապ չունի Նորք և Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարման հետ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Երևան ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը: Նրա խոսքով, երկու օբյեկտներն էլ օգտվում են տարբեր համակարգերում: Ջրաշխարհն ունի խորքային հորեր, որտեղից հանում է արտեզյան ջրեր, որի մատակարարման հետ «Երևան ջուրը» ոչ մի առնչություն չունի, փոխարենը նա մատուցում է ջրահեռացման ծառայություն: Ինչ վերաբերում է Դելֆինարիումին, ապա, ըստ Օհանյանի, նրանք տարվա ընթացքում մի քանի անգամ վերցնում են անհրաժեշտ քանակի ջուր և տարվա ընթացքում ֆիլտրում, տաքացնում և այլ միջոցառումներ իրականացնում:

Դելֆինարիումի խողովակն, ըստ Օհանյանի, ավարտվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և այն այսպես թե այնպես չի կարող խանգարել ողջ Շենգավիթի ջրամատակարարմանը:

Ընկերությունը ջուր չի մատակարարում նաև քաղաքի շատրվանների համար, այլ պատասխանատու է միայն ցայտաղբյուրների համար:

«Երևան ջուր» ՓԲԸ հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանն իր հերթին ավելացրեց, որ բնակչությունը միակողմանի տեղեկատվություն է ստանում, փոխարենը կարող են մտնել ընկերության կայք, և ստանալ բոլոր տեղեկությունները՝ այդ թվում և ֆինանսական հաշվետվությունը:

Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագներին, ապա, Մարգարյանի խոսքով, այն կապված է սպառման ծավալների, եվրո-դրամ փոխարժեքի տատանման, սղաճի և էլեկտրաէներգիայի սակագների հետ: