AM
15 Հունիս 2012 - 10:20 AMT

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ. Հայաստանը էլէկտրոնային գնումների ոլորտում տարածաշրջանում առաջինն է

Հայաստանը էլէկտրոնային գնումների ոլորտում տարածաշրջանում առաջինն է։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոնի պետի տեղակալ Արթուր Առաքելյանը. «Մեր մեխանիզմներն ու օրենսդրությունն այս ոլորտում ձգտում են կատարյալի և դրա վկայությունն այն է, որ Հայաստանը միացել է Համաշխարհային առևտրային կազմակերպության համաձայնագրին»:

Առաքելյանը նշեց, որ 2011թ-ի գնումների մասին նոր օրենքով նվազում են կոռուպցիոն ռիսկերը, քանի որ նվազագույնի է հասնում շփումը տնտեսվարող սուբյեկտների և պաշտոնյաների միջև, պակասում է թղթատարությունը:

Նա ասաց նաև, որ մրցույթները հայտարավում են Armaps.am կայքում, որտեղ տնտեսվարողը պարզապես ներբեռնում է համապատասխան ֆայլերը, լրացնում դրանք և ուղարկում.

«Մենք ունենք նաև խորհրդատվական թեժ գիծ տնտեսվարողների համար, իսկ ավելի լայն խորհրդատվության համար տնտեսվարողները կարող են այցելել մեր խորհրդատվական կենտրոն և ստանալ այնպիսի խորհրդատվություն և համապատասխան գիտելիքներ, որոնց միջոցով ավելի արդյունավետ կկազմակերպվի մրցույթը»:

Արթուր Առաքելյանը չի բացառում, որ կան վատ կազամկերպված մրցույթներ, սակայն կարծում է, որ ոլորտում ստեղծված դաշտը շատ լավն է։ Նա կարևորեց մամուլի դերակատարությունը ոլորտում խնդիրների վերհանման գործում, որը կնպաստի նաև տնտեսվարողների ակտիվության ավելացմանը։