AM
15 Հունիս 2012 - 10:37 AMT

Բակո Սահակյանն առաջին անգամ դիպլոմներ է հանձնել Արցախի համալսարանի ուսանողներին

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է բարձրագույն կրթության դերը հանրապետության կյանքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունիսի 15-ին, հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է բարձրագույն կրթության դերը հանրապետության կյանքում և ընդգծել, որ կառուցվում է մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենա առանցքային դերակատարություն:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական և կդառնա բարի ավանդույթ:

Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: