AM
15 Հունիս 2012 - 12:25 AMT

Վիտալի Բալասանյան զգուշացնում է Բակո Սահակյանին, որ չի հանդուրժելու իրավախախտումները ընտրություններին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը բաց նամակ է գրել Արցախի գործող նահագահ Բակո Սահակյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Դուք մինչև Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետևողը, ինչպես նաև պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Արդ, պետք չէ մոռանալ, որ Դուք ոչ միայն ԼՂՀ նախագահի թեկնածու եք, այլև` դեռևս գործող նախագահ: Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը և անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում ընդգրկված են նաև շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար:

2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ և անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները և այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության և երկրի միջազգային վարկանիշի նվազման:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես և իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները և օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու»: Արցախում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հուլիսի 15-ին: