AM
17 Սեպտեմբեր 2004 - 13:34 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՇԱՀԱՎԵՏ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի նախապատրաստած փաստաթուղթը ներառում է հայկական կողմի համար ոչ շահավետ դրույթներ: Այդ մասին այսօր Փարիզում հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի նոր փաստաթղթի նախապատրաստման ժամանակ այդ դրույթները չօգտագործվեն, եւ նրանում ընդգրկվեն այնպիսի դրույթներ, որոնք կարտացոլեն իրական վիճակը: Տ.Թորոսյանը նշել է, որ Քաղաքական կոմիտեի նիստում ունեցած իր ելույթում առաջարկել է, որ նոր զեկուցող Դեվիդ Աթկինսը այցելի տարածաշրջան տեղում իրավիճակին ծանոթանալու համար եւ հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Փոխխոսնակի կարծիքով, դա կօգնի ապահովել նոր զեկույցի անաչառությունը: Նրա խոսքերով, Թերի Դեւիսի զեկույցը իրավաբանական ուժ չունի եւ ուղարկվել է արխիվ: