Օրերս Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Հայաստանում եւ Ադրբեջանում ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդ համատեքստում հնարավոր քայլերը: Ընդգծելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ գործող նախագահի շահագրգռվածությունը` Ֆ.Դիմիտրովը հանդես է եկել գործընթացի ակտիվացման օգտին: Իր հերթին ԼՂՀ նախագահը նշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցերի կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ ժողովրդի շահերը հաշվի առնելու: Հանդիպման ավարտին Ա.Ղուկասյանը հաստատել է գոյություն ունեցող խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ղարաբաղյան կողմի պատրաստակամությունը:





