AM
22 Հունիս 2012 - 07:28 AMT

Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում

Հունիսի 21-ին «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ էր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և բարեփոխումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման մասին: Նախարար Պեյրիսն իր հայաստանյան գործընկերոջը հարվիրեց այցելել Շրի Լանկա:

Գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին: