AM
22 Հունիս 2012 - 08:47 AMT

Հայ փաստաբաններն ու իրավապաշտպանները ծանոթանում են Amicus curiae–ին

Երևանում այսօր` հունիսի 22–ին, մեկնարկել է մարդու իրավունքների սահմանադրական և միջազգային ընթացակարգերում երրորդ կողմի մասնակցությանը նվիրված երկօրյա ուսուցողական սեմինար շուրջ 25 փաստաբանների և հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների մասնակցությամբ:

Սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը` նպատակ ունենալով հզորացնելու հայ փաստաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` ՀՀ սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան amicus curiae համառոտագրեր ներկայացնելու հարցում, որը լրացուցիչ միջոց է հանդիսանում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

Amicus curiae իրավաբանական եզրույթ է, որը նշանակում է «դատարանի ընկեր» և վերաբերվում է գործին առնչություն չունեցող երրորդ կողմին, ով կամավոր կերպով տեղեկատվություն է տրամադրում օրենքի վիճահարույց դրույթի կամ դատական գործի այլ ասպեկտների վերաբերյալ` նպատակ ունելով աջակցել դատարանին որոշում կայացնելու գործում: Երրորդ կողմի մասնակցության նպատակն է էլ ավելի բարելավել դատարանի արդյունավետությունը` բերելով իրավական փաստարկներ, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում:

Ուսուցողական սեմինարը վարում են Լոնդոնի «Ինտերայթս» կազմակերպության միջազգային փորձագետ Պոդրիգ Հյուսը և հայ փաստաբան Վահե Գրիգորյանը: Մասնակիցներին կներկայացվեն Amicus curiae-ի սահմանումը և գաղափարը, կքննարկվի ՀԿ-ների դերը միջազգային և ներպետական դատական գործընթացներում, ինչպես նաև կանցկացվեն գործնական վարժություններ:

«Amicus curiae-ի հասկացությունը դեռևս անծանոթ է Հայաստանում, սակայն այն լայն տարածում է գտել արևմտյան իրավական մշակույթում, մասնավորապես` ընդհանուր իրավունքի երկրներում` Բարձրագույն և միջազգային դատարանների մակարդակներում: Այս գործիքը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից` արժեքավոր տեղեկություն տրամադրելով դատարանին իրավական փաստարկների վերաբերյալ և թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նշված գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում», – նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Արման Պողոսյանը:

Սեմինարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքների մաս է կազմում: