Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը Նյու Յորքում քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախարարների հերթական` չորրորդ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Վ.Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանին, որի հետ քննարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցեր: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է վերջին զարգացումները կարգավորման գործընթացում:





