Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Պրահայում կայանալիք հերթական հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով հայկական կողմի խնդրանքով: Այդ մասին օրերս Բաքվում լրագրողներին էր հաղորդել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների 4 հանդիպում: «Այդ հանդիպումները օգտակար են եղել: Դրանց արդյունքները քննարկվել են բարձր մակարդակով»,-նշել է Ազիմովը: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ ունեցող հարցեր, «որոշ առաջարկներ, կարծիքներ եւ դիրքորոշումներ»: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերով, քննարկման տարրերից մեկն է հանդիսացել Ղարաբաղի համար Հայաստանի հետ ցամաքային կապ ապահովելու խնդիրը: Ադրբեջանը իր հերթին շահագրգռված է կապ ունենալ Նախիչեւանի հետ, հաղորդել է Ազիմովը:





