Այսօր` հունիսի 25-ին, կայացել է «Սփյուռք» ամառային դպրոցի հանդիսավոր բացումը, որը հիմնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` Երևանի պետական համալսարանի հենքի վրա:
Նախարարության լրատվական ծառայության հաղորմամբ, ներկաներին ողջունել է և «Սփյուռք» ամառային դպրոցի մեկնարկն ազդարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այսօր պատմական օր է: Պատմական, քանի որ առաջին անգամ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մեկնարկում է մի դպրոց, որն իր նպատակների իրագործմամբ մեծագույն ավանդ է ունենալու հայապահպանության գործում»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով դպրոցի հինգ բաժիններին` նախարարն առանձնացրել է մայրենի լեզվի արագացված ուսուցումը.
«Այն հնարավորություն կտա Մայր Հայրենիքը դարձնել մայրենիի ուսուցման կենտրոն և մեր Սփյուռքի երիտասարդները հնարավորություն կունենան Հայրենքում մայրենին սովորել և արևմտահայերենով և արևելահայերենով»,-հավելել է Հակոբյանը։
Ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք, մշակույթի և գրականության գործիչներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ:





