Մի քանի օրից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կտա Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի նկուղային հարկում կատարվող շինարարության սեյսմակայունության մասին եզրակացությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանը: Նրա խոսքով, նախարարության համապատասխան խումբը տեղում աշխատել է և կկազմի համապատասխան եզրակացություն: Փոխգնդապետը նաև նշեց, որ նախարարության ներկայացուցիչն աշխատում է քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ, և քաղաքապետին ուղղված գրությունն է պատրաստվել, դիմել են քաղաքաշինության նախարարության հողի վերահսկողության վարչությանը, որպեսզի պարզվեն թույլտվությունները, աշխատանքների ծավալները: Նախարարության եզրակացությունը կտրամադրվի բնակիչներին:
Նրա խոսքով, եթե եզրակացություն լինի, որ հետագա շինարարությունը սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր է, կպահանջվի, որ անվտանգության միջոցառումները հավելվեն:
Շենքի բնակչուհի Սոնա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 3 տարի է, ինչ այդ տարածքում շինարարություն է սկսվել, բայց եղել է ընդհատումներով: Անընդհատ վաճառվում էր տարածքը, հիմա արդեն նոր սեփականատեր է հայտնվել, ով մոտ 15 օր է, անընդհատ հող է հանում այդ տարածքից: « Մեր մտահոգությունն է, որ ամուր լինի շենքի հիմքը: Դա ուղղակի մտահոգիչ է, ինչք՞ան կարելի է անընդհատ հիմքերը հողազրկել, փոխանակ ամրացնելու: Բակիչները եղել են ներսում, և ասում են, որ սյուներն արդեն խախտվել են»,-ասաց նա:
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում պարզել է, որ բացակայում է շինարարական աշխատանքների թույլտվություն։ ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:





