Հոկտեմբերի 5-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվից Երեւան կժամանի Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ֆինլանդիայի կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Բացի այդ, ֆին նախարարը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Հարավային Կովկասում եւ ԵՄ քաղաքականությունը տարածաշրջանում: Այցի շրջանակներում, Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի հուշահամալիրում:





