«Երևան» (Golden Tulip) հյուրանոցում վաղը տեղի կունենա «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» ծրագրի ամփոփումը և www.career.ysu.am կայքի շնորհանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԵՊՀ լրատվական ծառայությունից` ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մայիս-հունիս ամիսներին իրականացրել են «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն էր պարզել համալսարան-ձեռնարկություն համագործակցության արդի հիմնախնդիրները և ձեռք բերել համագործակցության հեռանկարներ:
Մեկ ամիս տևած ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ. անցկացվել են թրեյնինգներ գործատուին ճիշտ ներկայանալու սկզբունքների, պրեզենտացիա ներկայացնելու հմտությունների, ժեստիկուլյացիոն լեզվի, հասարակական ակտիվության վերաբերյալ, տեղի են ունեցել մի շարք գիտահետազոտական հանդիպում-քննարկումներ:
Հունիս ամսին Ծաղկաձորում իրականցվել են սեմինար-դասընթացներ լիդերության, միջհաղորդակցության լեզվի և մանիպուլյացիայի թեմաներով: Բոլոր մասնակիցներին հանձնվել են վկայականներ:
Ամփոփիչ միջոցառման ընթացքում կներկայացվի նաև www.career.ysu.am նորաստեղծ կայքը, որտեղ և՛ ուսանողները, և՛ գործատուները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:
Հանդիպմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ներկա կլինեն նաև առաջատար մի շարք ընկերությունների, բիզնես միությունների, միջազգային և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:





