AM
28 Հունիս 2012 - 05:33 AMT

«Հրապարակ». ՀԱԿ-ի ներսում Օսկանյանի դեմ հարուցված գործի շուրջ տարակարծություն կա

«Հրապարակ»-ը գրում է , որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքին հետևած մարդիկ արձանագրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սովորաբար անդրադառնում է նախորդ հանրահավաքից հետո տեղի ունեցած բոլոր կարևոր պրոցեսներին, այս անգամ շրջանցել է մի շարք կարևոր թեմաներ:

Մասնավորապես` չի խոսել նախագահական ընտրություններում իր առաջադրվելու կամ ՀԱԿ թեկնածու ունենալու մասին: Չի խոսել նաև «Հարսնաքարի» միջադեպի մասին: Եվ չի խոսել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին:

Թերթը նկատում է, որ ՀԱԿ-ի ներսում այս հարցի շուրջ տարակարծություն կա. եթե Լևոն Զուրաբյանը դրա հիմքում տեսնում է քաղաքական ենթատեքստ և ըստ էության պաշտպանում է Օսկանյանին, ապա Նիկոլ Փաշինյանն Օսկանյանին համարում է հանցագործ և նրան դատելու կողմնակից է: Փաստորեն, խոսելով ԲՀԿ-ի մասին, ՀԱԿ առաջնորդը խուսափել է ԲՀԿ ցուցակի երկրորդ դեմքի` Օսկանյանի մասին կարծիք հայտնելուց` թողնելով, որ իր կողմնակիցները շարունակեն բանավեճն այս թեմայով: Ի դեպ, թերթի տեղեկություններով, Օսկանյանի գործում կա մի նյուանս, որի մասին լռում է և մեղադրող կողմը, և մեղադրվողը. բանն այն է, որ Հանթսմանի կողմից փոխանցված մոտ 1,2 մլն դոլարի մի մասը փոխանցվել է ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին, այլ Օսկանյանի անձնական հաշվին: Թեև, ասում են, դա պատշաճ փաստաթղթավորված է և խնդիր չի կարող առաջացնել: