AM
28 Հունիս 2012 - 10:12 AMT

Գյուղնախարարը Բավրայի մաքսակետում ծանոթացել է գյուղմթերքի ներկրման ու արտահանման մեխանիզմներին

Այսօր, Շիրակի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանիուղեկցությամբ, աշխատանքային այցն սկսել է Ազատան համայնքից,ուր ծանոթացել է ֆերմեր Համլետ Վալեսյանի տավարաբուծական ֆերմայի և «ԻԳԻԹ»պանրագործանի աշխատանքներին,զրուցել աշխատակիցների հետ կաթի մթերման գործընթացների և խելամիտ գների պահպանման մասին:

Մեղրաշատ և Արեգնադեմ համայնքներում նախարարը շրջել է կարտոֆիլի առատ բերք խոստացող դաշտերում,ուր գյուղացիները խնդրել են օժանդակել իրենց բերքի իրացման հարցերում: Սերգո Կարապետյանը խոստացել է ըստ ամենայնի քննարկել հարցին ընթացք տալու և հողագործներին աջակցելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է օժանդակել նաև կերարտադրությանն անհրաժեշտ կորնգանի,առվույտի և գարու բարձրորակ սերմեր ձեռք բերելու հարցերում:

Այցելության հաջորդ կանգառը Բերդաշենում էր,ուր նախարարը ծանոթացել է Համաշխարհային բանկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին:

«Ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու բարձրլեռնային և սահմանամերձ անասնապահությամբ զբաղվող համայնքներին, միաժամանակ լուծելով հանրապետության հեռագնա արոտավայրերի նպատակային և լիարժեք օգտագործման հարցը,մեկնարկել է անցյալ տարի,սակայն այսօր արդեն որոշակի հաջողություններ է գրանցել: Ուստի Համաշխարհային բանկի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ, այն զգալիորեն կընդարձակվի, ընդգրկելով նոր համայնքներ: Իսկ Շիրակի մարզումնշված ծրագրում ընդգրկված են 9 համայնքներ» – կոոպերատիվի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:

Ի դեպ ծրագրի շրջանակներում բերդաշենցիներն արդեն ստացել են առաջին տեխնիկական օժանդակությունը՝ 82 ձիաուժ հզորության առաջին տրակտորն ու խոտահակավորման մեկ մամլիչ:

Օրվա երկրորդ կեսին նախարարը եղավ «Ամասիա-կաթ» պանրագործարանում, այցելեց հեռագնաց արոտավայրում գտնվող բավրացի ֆերմեր Ալեքսան Գաբրիելյանի անասնաբուծական ֆերմա, հանդիպեց Թորոսգյուղ համայնքի բնակիչներին, ուր, ինչպես և հանդիպման մյուս վայրերում, նրան ներկայացվեցին կարգավորման անհրաժեշտություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպես մթերված կաթի դիմաց վճարումներն ուշացնելն ու կաթի գնի չհիմնավորված նվազեցումն է:

Այս և բարձրացված մյուս հարցերին նախարարը խոստացավ անդրադառնալ հիմնավոր ուսումնասիրությունների արդյունքում` մոտ ապագայում:

Աշխատանքային այցելությունն ավարտվեց Բավրայի մաքսակետում, ուր Սերգո Կարապետյանը ծանոթացավ գյուղմթերքի ներկրումների և արտահանումների մեխանիզմներին, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը: