Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների խմբին: Նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀԲ Աֆրիկայի տարածաշրջանի ֆինանսական և մասնավոր սեկտորի զարգացման հարցերով տնտեսագետ Սմիթա Կուրիակոսը, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական և մասնավոր սեկտորի հարցերով պատասխանատու Քրիստինա Տիպմանը և ԱՄՆ Ջորջ Վաշինգթոն համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Նիկոլաս Վոնորտասը:
Փորձագիտական խմբի այցի նպատակն էր հետազոտություն կատարել Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման, մասնավորապես այդ ոլորտում սփյուռքի ներգրավվածության և դերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Հ.Հակոբյանը ներկայացրել է այդ բանագավառում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում մասնագիտական համաժողովների կազմակերպումը, համահայկական առևտրային պալատների ցանցի ստեղծումը: Նախարարը ընդգծել է, որ Հայաստանում գործող թվով 4500 միջին բիզնեսներում Սփյուռքն ունի 80 % ներգրավվածություն:
Նախարար Հ. Հակոբյանը նշեց, որ սփյուռքահայերի մասնակցությունը ձեռնարկատիրությանը էլ ավելի կբարձրանա ճիշտ քարոզչության դեպքում: Նա նաև կարևորեց միջազգային կառույցների աջակցությունը Սփյուռքի կարիքների գնահատման և պետության կողմից այդ կարիքները բավարարող ծրագրերի մշակման, ինչպես նաև Սփյուռքի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող գործարարության մասին տեղեկատվության տարածման գործում:





