AM
11 Հոկտեմբեր 2004 - 17:04 AMT

ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴԴԵՄ ՓԱՐԻԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա Հայ դատի պաշտպանության կոմիտեի (ՀԴՊԿ) կողմից Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դեմ ներկայացված հայցին առնչվող առաջին դատական նիստը: Ինչպես հաղորդել է թուրքական «Զաման» թերթը, առաջին անգամ թուրք դիվանագետը պետք է դատարանի առջեւ կանգնի «այսպես կոչված ցեղասպանության գաղափարների» պատճառով: Նշենք, որ ՀԴՊԿ-ն այս տարվա հունիսին ներկայացրած հայցում պահանջել էր պատասխանատվության ենթարկել Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը` իրենց ինտերնետային կայքում Հայոց ցեղասպանությունը հերքող նյութերի հրապարակման համար, եւ փակել այդ ինտերնետային կայքը: Պաշտոնական Անկարան հույս ունի, որ հաշվի առնելով դիվանագետի անձեռնմխելիության իրավունքը` ֆրանսիական դատարանը չի բավարարի հայցը: Հակառակ պարագայում` դատավճիռը կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: