Ռուս-վրացական սահմանով հայկական բեռների փոխադրման իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Այդ մասին նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով` հարցի լուծման համար բանակացություններ են անցկացվում բարձր մակարդակով: Բացի այդ նախարարը նշել է, որ գործընթացն ունի քաղաքական նրբերանգներ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով` ոչ ոք շահագրգռված չէ ստեղծված դրություն մեջ` ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը, այդ պատճառով հարցը շուտով կստանա իր վերջնական լուծումը: Նշենք, որ անցակետը ժամանակավորապես բացվել է կիրակի օրը, ինչի արդյունքում Հայաստան է հասել մեկ ամսից ավելի ռուս-վրացական սահմանում շրջափակված 250 մեքենա:





