Աշխարհում հակամարտությունների նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումը անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, հիմնական հարցը ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող որոշումների կատարման մեխանիզմի մշակումն է: Ի.Ալիեւը նաեւ համոզվածություն է հայտնել, որ միջազգային իրավունքի մեխանիզմների կիրառումը կնպաստեր հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտնել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրադրությունը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: «Ադրբեջանը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրախորհրդը քաղաքական գնահատական տա հակամարտությանը»,- հայտարարել է Ի.Ալիեւը` ավելացնելով, որ «դա ամուր քաղաքական հիմք կդառնա հիմնախնդրի լուծման համար»:





