AM
3 Հուլիս 2012 - 06:38 AMT

«168 Ժամ».Կառավարության սոցիալական փաթեթը տրամադրելու համար ղեկավարները մաղարիչ են ուզում

«168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով ` պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ։

«Հիշեցնենք, որ Կառավարաությունը որոշել էր 2012թ. 132 հազարական դրամ հատկացնել պետական համակարգի 120.000 աշխատողների. դրանից 80.000 դրամը շահառուն կարող է օգտագործել հանգստի, կրթության և մի քանի այլ նպատակներով։ Ու քանի որ սկսվել է ամառային հանգտի շրջանը շահառուները փորձում են ստանալ այդ գումարը։

Սակայն նրանք լուրջ դժվարությունների են հանդիպում։ Բանն այն է, որ հաստատված ավանդույթի համաձայն, պետական համակարգի աշխատողները պետք է իրենց անմիջական ղեկավարին «վերաբերմունք ցույց տան», որպեսզի կարողանան ստանալ իրենց հասանելիք գումարը։ Այդ խնդիրն առավել սուր է արտահայտված դպրոցներում։

Մայրաքաղաքի մի քանի դպրոցների մի շարք ուսուցչուհիներ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ իրենց տնօրենները մինչև «մաղարիչ» չեն ստանում, թույլ չեն տալիս օգտվել այդ ծրագրից։ Այս խնդրի հետ կապված երեկ մեր թղթակիցը պարզաբանում է խնդրել կառավարությունից, որտեղից խոստացել են պատասխանել առաջիկա օրերին»,–գրում է պարբերականը։