AM
15 Հոկտեմբեր 2004 - 14:29 AMT

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ

«Իրաք հայ զինվորներ ուղարկելու որոշումը ընդունում է ոչ թե կառավարությունը, այլ Սահմանադրական դատարանը եւ Ազգային ժողովը: Բայց չմոռանանք, որ այն ժամանակվանից ի վեր, երբ այդպիսի որոշում է կայացվել, որոշակի փոփոխություններ են կրել այն պայմանները, որոնց դեպքում մենք նախնական համաձայնություն ենք տվել»,- նշել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ որպես մարդասիրական օգնություն նախատեսվում էր Իրաք ուղարկել 50 հոգի` բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ: Վարչապետը նշել է, որ իրաքահայությունից բացի, հայկական համայնքները, հատկապես արաբական երկրների, հայրենիքի եւ սփյուռքի քաղաքական ուժերը իրենց մտահոգությունն են հայտնել այդ քայլի հետեւանքների վերաբերյալ: «Իհարկե, այդ մտահոգությունը մենք էլ ունենք. հնարավոր է, որ դրա արդյունքում Հայաստանը դառնա ահաբեկչության թիրախներից մեկը»,- նկատել է կառավարության ղեկավարը: Նրա կարծիքով, այդ ամենը պետք է հաշվի առնել` ելնելով մեր երկրի ազգային անվտանգության շահերից, նաեւ` Իրաքում ստեղծված իրավիճակից: