AM
3 Հուլիս 2012 - 08:28 AMT

Լավրենտի Միրզոյան. Հայերենն արհամարված և վտանգված է

Մայրենի լեզուն այսօր արհամարված ու վտանգված է, քանի որ ամեն քայլափոխի և´ բանավոր և´ գրավոր խոսքը աղավաղվում է: Այսօր` հուլիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը` խոսելով մայրենի լեզվի ներկայիս վիճակի մասին: Սակայն Միրզոյանն ավելի մեծ վտանգ է տեսնում տպագրվող գրքերի լեզվում, որտեղ, ըստ նրա, շատ են լինում սխալները։

«Երևանում ամեն քայլափոխի հանդիպում ենք օտարածին ցուցանակների, կարծես եվրոպական քաղաք է, որտեղ այլ լեզուներն ավելի են գերակշռում»,–ասաց մանկավարժական համալսարանի պրոռեկտորը:

Նա առաջարկում է հանդիպում կազմակերպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և քննարկել այդ հարցը, քանի որ քաղաքապետի մեկ որոշումով հնարավոր կլինի քաղաքի բոլոր ցուցանակները համապատասխանեցնել մայրենի լեզվի կանոններին:

Ըստ Միրզոյանի` մայրենի լեզվի խնդիրները համապարփակ լուծումներ են պահանջում, պետք է համալիր կերպով քննարկել և առաջարկություններ ներկայացնել կառավարությանը և լեզվական քաղաքականության պետական ծրագիր մշակել:

Խոսելով միասնական քննությունների մասին` Միրզոյանը նշեց, որ դեմ է միասնական քննությունների այս հարցաշարային ձևին, որտեղ պատահական ընտրելով պատասխանները, կարելի է գնահատական ստանալ: