Էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը:
Քաղաքապետարանի լրատվության բաժնի հաղորդմամբ, կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողության նպատակով մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպես նաև անապահով ընտանիքների համար բնակարանների գազիֆիկացման աշխատանքների տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Թամարա Բաբայանը նշել է, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է, ինչն իր հերթին բերում է նաև ֆինանսների արդյունավետ կառավարման:
«Հատկապես վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ակներև է բոլոր երևանցիների համար, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ֆինանսների արդյունավետ տնօրինումը հնարավորություն կտա ավելի ու ավելի տեսանելի և առարկայական փոփոխություններ կատարել Երևանում: Այս տեսանկյունից, պարոն քաղաքապետ, կարծում եմ կհամաձայնեք, որ էներգախնայողության ծրագիրն իսկապես անհրաժեշտ և կարևոր է: Կարող եմ վստահեցնել, որ մենք շահագրգիռ ենք շարունակելու Ձեզ հետ համագործակցությունը»,-նշել է Թամարա Բաբայանը` հավելելով, որ հիմնադրամը պատրաստակամ է հնարավորին սեղմ ժամկետներում նախաձեռնել փոխշահավետ ծրագրերի իրականացման աշխատանքները:
ՀԲ ներկայացուցիչն իր հերթին հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցը ևս պատրաստակամ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ըստ այդմ նախապատրաստել առաջարկների փաթեթ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև էնեգախնայողության ծրագրերի շրջանակում հանրային ու պատմամշակութային շենքերի, ինչպես նաև այգիների ու պուրակների արտաքին լուսավորության անցկացման շուրջ:





