Հուլիսի 2-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» և ծրագրի խորհրդատու, շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Կորսան» ընկերության տրանսպորտային հարցերով պատասխանատու Էդուարդո Էռնանդեսը, «Սաֆեժ» ընկերության ծրագրի ղեկավար Միշել Քրամերը և մյուս հյուրերը նախ շնորհավորել են Գագիկ Բեգլարյանին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրականացվելիք աշխատանքների ընթացքը` նշելով, որ առայժմ դրանք նախապատրաստական փուլում են, բուն ճանապարհաշինական աշխատանքները պետք է սկսվեն սեպտեմբերին, իսկ ասֆալտապատումը նախատեսվում է ձեռնարկել հաջորդ տարվա գարնանից, հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը հետաքրքրվել է ճանապարհի շինարարության կազմակերպական աշխատանքների ներկա վիճակի, աշխատանքների արագ իրականացման, որակի երաշխիքների, ներկրվելիք սարքավորումների անվանացանկի, նյութերի հայթայթման աղբյուրների / հնարավորինս տեղական հումքի և տեղական աշխատուժի ներգրավմամբ/ և այլ հարցերով:։ Նախարարը նշել է, որ ճանապարհի կառուցման վերջնական արդյունքներին զուգահեռ, այդ շրջանակներում ունենք նաև տնտեսական ու պետական շահեր, որոնք պետք է առավելագույնս պահպանվեն։
Գագիկ Բեգլարյանը վստահեցրել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը բոլոր միջոցներով կաջակցի ընկերություններին՝ իրենց ստանձնած պարտավորությունները ժամանակին, կազմակերպված, արագ և որակով իրականացնելու համար:





