AM
3 Հուլիս 2012 - 14:36 AMT

Տարոն Մարգարյանն այցելել է նոր կառուցված խաղահրապարակներ

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի քանի բակեր:

Այս մասին հաղորդում են Քաղաքապետարանի լրատվության բաժնից։ Գրիբոյեդովի 11 շենքի բակը, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի բարեկարգամն աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակի հանդիսավոր բացմանը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց խորին երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել բակը, հավելելով, որ բակերի բարեկարգման քաղաքային ծրագիրը լինելու է շարունակական:

Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Կոմիտասի 7, 9 և Ավետիսյան 67 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ։ Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ ու մարզական սարքեր:

Երևանի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում բարեկարգվել է նաև Կոմիտաս-Փափազյան խաչմերուկին հարակից հատվածում տեղադրված շատրվանը:

Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է նաև այդ շատրվանի գործարկաման ուղղությամբ տարված աշխատանքը: