AM
18 Հոկտեմբեր 2004 - 15:22 AMT

ՔԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՎԱՍՏԵԼ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԻՆԱԳԾԻՆ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Քերին հավաստել է իր պաշտոնական աջակցությունը Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագծին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել Ջ.Քերիի մամլո քարտուղար Մարկ Քիչենսը` ի պատասխան վերջերս թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Ջ.Քերին Սենատում իր գրավոր հարցումներում եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որտեղ միանշանակորեն պաշտպանել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը: «Ջոն Քերին երկար ժամանակ զբաղվել է ԱՄՆ հայ համայնքին հետաքրքրող թեմաներով եւ հպարտանում է նախագահական ընտրություններում Ամերիկայի հայ դատի կոմիտեի կողմից իրեն ցույց տրվող աջակցությամբ», – ասել է Մ.Քիչենսը: Նշենք, որ Քերրիի այդ հայտարարության առնչությամբ, թուրքական «Nethaber»-ը գրում է. «Արդյո՞ք Քերին է փոփոխական, թե մեր մամուլը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն. դժվար է ասել»: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, այդ հարցը պարզելու համար ԱՄՆ թուրքական կազմակերպությունները համատեղ նամակ են հղել Ջ.Քերիին` խնդրելով հանդիպում նշանակել իրենց հետ: