Սինջար եզդիների ազգային միավորում հ/կ խոհուրդը դիմում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` երևանյան փողոցներից մեկը հայտնի եզդի հրամանատար Ջանգիր աղայի անվամբ անվանակոչելու։ Այս մասին տեղեկանում ենք նրանց տարածած հայտարարությունից, որտեղ մասնավորապես նշվում է.
«Մեծարգո Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան, Ձեզ ենք դիմում Հայաստանում բնակվող եզդիների ստվար զանգվածի անունից: Ինչպես հայտնի է եզդիները մեծ ներդրում են ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում, հատկապես աչքի է ընկել եզդիների հրամանատար Ջանգիր աղան: Ջանգիր աղան էր և իր եզդի զինակիցները, որ առանց որևէ հրամանի և աջակցության, հանկարծակի հարձակվեցին դեպի Երևան արշավող թուրքական բանակի վրա և կասեցրին նրան առաջխաղացումը: Այս հարձակման շնորհիվ հայկական կողմը ժամանակ շահելով հնարավորություն է գտնում կազմավորելու իր ուժերը և հակահարձակման անցնում: Այսօր Երևանք քաղաքում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կրում են հայ ժողովրդի մեծագույն բարեկամների անուները: Մենք համոզված ենք, որ Ջանգիր աղան իր սխրանքներով և հայ ժողովրդին նվիրվածությամբ նույնպես հայ ժողովրդի բարեկաներից մեկն է: Ուստի խնդրում ենք Ձեզ հաշվի առնելով Ջանգիր աղայի գործունեությունը և մեր խնդրանքը, միջոցներ ձեռնարկել, որպիսզի Ջանգիր աղայի անունը ևս անմահանա` իր անվամբ փողոց անվանակոչելով: Մենք համոզված ենք. որ դուք այնպիսի որոշում կկայացնեք, որ մենք վերստին կհամոզվենք Ձեր խոհեմության ու արդարացի լուծումներ գտնելու մեջ»։





