Հոկտեմբերի 22-ին Վրաստանի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես հաղորդել են հայկական պետության ղեկավարի մամլո ծառայությունում, Բագրատաշենի սահմանակետում տեղի կունենա Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետեւ Վրաստանի նախագահի նստավայրում կկայանա նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների բարձր մակարդակի բանակցությունները: Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին: Կկայանա նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցը կավարտվի հոկտենմբերի 24-ին:





