AM
9 Հուլիս 2012 - 08:36 AMT

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Հայաստանի սեռական փոքրամասնությունների

Նյու Յորքի հայ հոմոսեքսուալների ասոցացիան նախաձեռնել է ստորագրահավաք Change.org կայքում ի պաշտպանություն Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների։ Նմանատիպ ստորագրահավաքն առաջին անգամ է իրականացվում։ Դրան արդեն միացել են այնպիսի մշակութային գործիչներ, ինչպիսին է Ատոմ Էգոյանը, Դիանա Դեր–Հովհաննսիյանը, Մարկ Նշանյան և այլք։ Մինչ ներկա պահը ստորագրահավաքին միացել է շուրջ 370 մարդ անհրաժեշտ 500–ից։

«Մենք, ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ժողովրդավարական և մարդու իրավունքներին։ Մենք անհանգստացած ենք մայիսի 8-ին տեղի ունեցած նույնասեռներին չխտրականացնող DIY փաբի պայթեցման և այդ տարածքում հետագա վանդալիզմի միջադեպերից։ Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մշակութային բազմազանության դեմ դուրս եկած հարյուրավոր նեո-ֆաշիստների (նրանցից ոմանք կրում էին սվաստիկաներ) հարձակման հետևանքով մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի հասարակության ժողովրդավարական բնույթը վտանգված է։ Թեև հարձակումների ընթացքում ոստիկանությունը օրինակելիորեն կատարել է կարգ պահպանելու իր պարտականությունը, կառավարությունն անմիջականորեն չի արձագանքել դեպքերի այս շարանին, ոչ էլ բազմազանության նկատմամբ հանդուրժողականության մասին հստակ ուղերձ է հղել։ Հայաստանի կառավարության որոշ անդամներ նույնիսկ հանդես են եկել հրահրիչ հայտարարություններով, արդարացնելով հարձակումներն ու պնդելով անգամ, որ ոչ-հետերոսեռ հայերի հանդեպ կիրառվող նման բռնությունները պաշտպանում են «ազգային գաղափարախոսությունը»:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Միավորված ազգերի կազմակերպության, Միացյալ Նահանգների դեսպանատան, «Միջազգային համաներում» կազմակերպության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոմիության և Եվրոպայի խորհուրդի հայտարարություններին, կոչ անելով, որ Հայաստանի կառավարությունը գործի մարդու իրավունքների համընդհանուր արժեքներինհամաձայն։ Մենք կոչ ենք անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա աշխատակազմին, պատգամավորներին և բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի արժանանալու սահմանադրական իրավունքը»,–նշված է ստորագրահավաքի տեքստում։