Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում բացվել է Orange Հիմնադրամի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված ֆուտբոլի մարզադաշտը: Մարզադաշտի բացումը նշելու նպատակով հուլիսի 4-ից մեկնարկել է միջհամայնքային ֆուտբոլային պատանեկան մրցաշար, որին մասնակցում են Արագածոտնի և Արմավիրի մարզի 8 գյուղական համայնքների թիմերը:
Մրցաշարի հանդիսավոր բացմանը հաջորդել է առաջին խաղը՝ Քարակերտ և Մյասնիկյան գյուղերի թիմերի մասնակցությամբ:
Մրցաշարը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը, երբ տեղի կունենա եզրափակիչ խաղը և հանդիսավոր փակման արարողության ընթացքում մրցանակը կհանձնվի հաղթող թիմին:
Հայաստանի մանուկների հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման գաղափարն առաջարկվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Orange Հիմնադրամի շնորհիվ, որը այս ծրագրին հատկացրել է 4,164,600 ՀՀ դրամ։ Մարզադաշտի վերանորոգման հետ մեկտեղ 8 համայնքների ավելի քան 200 երեխաներ հնարավորություն ստացան մարզվել պրոֆեսիոնալ մարզիչների ղեկավարությամբ՝ պատրաստվելով առաջնությանը:





