AM
9 Հուլիս 2012 - 10:35 AMT

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դիմում– բողոքարկում է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, 27 հայաստանյան ու միջազգային ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մարդու իրավունքների մեկ միջազգային փորձագետ դիմում-բողոքարկում են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Թեղուտի պաշտպանության քաղաքաղիական նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմում-բողոքն ուղղվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին և դեպքի տարբեր կողմերի համար պատասխանատու 8 հատուկ թեմատիկ զեկուցողների: Դիմում-բողոքում մասնավորապես նշվում է. «ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախտումներով, այդ թվում` մարդու իրավունքների խախտումներով:

Որոշումների ընդունման գործընթացը չի ապահովել ժամանակին և արդյունավետ հանրային իրազեկում և մասնակցություն:

Արդյունքում մարդիկ զրկվել են իրենց կյանքին վերաբերող որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությունից, այդ թվում` առողջ և անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունք, սեփականության իրավունք, մշակութային ժառանգության իրավունք:

Հաշվի չեն առնվել հանքի գործունեության և առաջանալիք թափոնների հետևանքով մարդկանց առողջությանը և էկոհամակարգին խոշոր վնաս հասցնելու բարձր ռիսկերը: Հանքի գործողության արդյունքում կաղտոտվեն խմելու և ոռոգման ջրի աղբյուրներ, կմեծանա սողանքների հավանականությունը, կոչնչանան անտառային մեծ զանգվածներ: Բոլոր նշված ռիսկերն աճելու են` հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը:

Տեղական բնակչությունը զրկվում է իր մշտական գյուղատնտեսական աշխատատեղերից և ստիպված է աշխատել հանքում: Լայնածավալ հանքարդյունաբերության պարագայում տարածքը ոչ-պիտանի կդառնա գյուղատնտեսության համար տասնյակ հազարավոր տարիներ շարունակ: Ապագայում սա կարող է կտրուկ ավելացնել տեղի բնակչության աղքատության և արտագաղթի մակարդակը»։