Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ ակցիայի մասնակից, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի այն դիտողություններին, թե կարմիր բերետավորները չեն փոխվել. «էդ մարդիկ անջատված են, չեն զգում ոչ մի բան: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում և պահանջում եմ փոխեք դրանց, ընտրեք նորմալ հոգևիճակ ունեցող կիրթ մարդկանց», Մելքոնյանը գրել է.
«Իմ շատ հարգելի պ. Սանասարյան, ես մտածում էի, որ քաղաքական-հասարակական գործիչները իմ հորդորներից հետո ողջամիտ կգտնվեն և չեն խախտի մոմավառության խորհուրդը, այն կանցկացնեն աստվածահաճո: Հիասթափված եմ և՛ նրանց, և՛ լրագրողների, և՛ հեղինակազրկված շարժումների կողմից Վ.Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբոխից, որոնք անջատված, անըզգա փակեցին մայրուղին, խախտելով բարոյականության բոլոր սահմանները: Ես հետագայում ավելի մանրակրկիտ և խորությամբ կանդրադառնամ… Ես Ձեզ շատ եմ հարգում, ցավում եմ, որ Դուք այդ «քամուց քշվածների», հետ եք և մասնակցեցիք խզմալյանական անհաջող բեմադրությանը… Ի տարբերություն Ձեզ, Ժ.Սեֆիլյանը ինչպես միշտ ստոիկյան կեցվածքով կողքից նայում էր այդ ամենին: Հա՛, Աստվածասեր «Բազազի» պատասխանն էին ուզում լսել որոշ օգտատերեր: Համենայն դեպս ես նորից Ձեզ սթափության կոչեր արեցի, Աստված էլ շուրջ մեկ ժամ սթափեցնող անձրև տեղաց, որպեսզի որոշ տաքագլուխներ սթավեն, սակայն նրանք չհասկացան, շարունակեցին իրենց ամբոխավարությունը… Իսկ անջատված բերետավորներից կազատվենք, Մոսկվան միանգամից չի կառուցվել: Չնայած ամեն ինչ փոխադարձ է, նրանք էլ կարող են թերանալ, ռոբոտ չեն»:





