AM
9 Հուլիս 2012 - 14:31 AMT

Տարոն Մարգարյան. Քաղաքը տարիներով շինհրապարակի վերածողները պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև հայտնաբերված ապօրինությունների վերացման մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներն արձանագրվել և, ըստ այդմ, իրականացվել են շինությունների քանդման աշխատանքներ: Այս համատեքստում քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել նաև շինթույլտվությունների ժամկետների պահպանումը` գործնական քայլեր ձեռնարկելով նմանատիպ խախտումներ թույլ տված կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առավել ևս, որ տվյալ տարածքները, ըստ էության, ժամանակի ընթացքում վերածվում են խրոնիկ աղբավայրի»,–քաղաքապետարանի լրատվական բաժնի հաղորդմամբ, նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել վերանայել նման տնտեսավարողների կողմից շինթույլտվությունների երկարացման հայտերի բավարարման մոտեցումները:

Անդրադառանալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա ու հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան օղակի պատասխանատուներին խստորեն հետևել իրականացվող աշխատանքներին:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ամենօրյա հսկողություն է իրականացվել հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների 5 մրցույթ, որին մասնակցել են 26 երթուղիներ:

Զեկուցվել է, որ փորձարկման աշխատանքներ են ընթանում հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցկաների համակարգի տեղադրման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները:

Ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթական ցայտաղբյուրները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրի հիմանորոգման համար Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում աշխատանքներ տանել դրա վերագործարկման նպատակով:

Մայրաքաղաքում ընթացքող կանաչապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բուժվում և կրապատվում են վարչական բոլոր շրջաններում առկա ծառերը: Ընթացքի մեջ են նաև Աշտարակի խճուղու միջնամասերի և մայթերի հարակից տարածքների ճիմապատման և ձևավորման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ կլուծվի նաև ճանապարհահատվածի արտաքին լուսավորության հարցը: Այգիներում, պուրակներում և կանաչ տարածքներում առկա չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի մասով զեկուցվել է, որ գույքագրումից հետո իրականացվում է սանիտարական էտում` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: