AM
9 Հուլիս 2012 - 14:46 AMT

Մի շարք գիտնականներ աջակցություն են հայտնել ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին

Գիտության մի շարք գործիչներ աջակցության նամակ են հղել ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ուշադրությամբ հետևում ենք Արցախի նախագահական նախընտրական քարոզարշավին և ողջունում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: Մենք Ձեզ գիտեինք որպես Արցախի հերոս, արցախյան պատերազմի փայլուն հրամանատարներից մեկը: Սակայն այսօր մենք Ձեզ գիտենք նաև որպես մեր գաղափարակից, քանի որ Ձեր նախընտրական ծրագրի մեջ առկա են կրթությանն ու գիտությանը վերաբերվող դրույթները, որոնք ներշնչված են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության առաջարկներից»:

«Հաջողություններ ենք մաղթում Ձեզ Արցախի նախագահական ընտրություններում և մեր պատրաստակամությունը հայտնում նախագահ ընտրվելու դեպքում մասնակցել Ձեր ծրագրերի իրագործմանը»,-ասվում է նամակում: Նամակը ստորագրել են Արթուր Իշխանյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Խաչիկ Գևորգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, Հունան Տեր-Վարդանյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, և գիտության մի շարք այլ գործիչներ: