Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թվականի ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԿԳՆ լրատվական ծառայությունից, միջոցառման մասնակիցներին ողջունել և արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Սփյուռքահայ ուսուցիչների ծրագիրը գործում է 2000 թվականից. 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է: Այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:
Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից` Ռուսաստան` 16, Եգիպտոս` 1, Իրա ԱՄՆ` 5, Ավստրալիա`3 , Աբխազիա ` 8, Լիբանան` 5, Մեծ Բրիտանիա` 5, Սիրիա` 17, Վրաստան` 5, Ուկրաինա` 2, Ֆրանսիա` 1: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, դպրոցների կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման:
Այս տարվա ուսումնական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շեշտը դրվել է պրակտիկ պարապմունքների վրա, հատկապես, «Լրացուցիչ կրթության կազմակերպում» խմբի մասնակիցների համար: Նկարչության մեթոդիկայի դասընթացները կկազմակերպվեն Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ ժողովրդական արվեստների ու արհեստների ուսուցումը՝ Գյումրիի «Ընտանիք» կենտրոնում: Բոլոր խմբերի ուսուցիչների համար վարպետաց բաց դասեր կկազմակերպվեն «Տաթև» գիտակրթական համալիրում և այլն:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարի վերապատրաստման մեջ ընդգրկված են ավելի մեծ թվով Սփյուռքի մասնագետների և ստեղծագործող ուսուցիչներ, որոնք իրենց փորձը կներկայացնեն Սփյուռքի այլ ուսուցիչներին: Արևմտահայերենը ծրագրում կդասավանդի Լիբանանի «Հայկազյան» համալսարանի դասախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Կարո Առաքելյանը:
Այս տարի նույնպես ուսուցիչները հնարավորություն կունենան այցելել մի շարք թանգարաններ, շրջայցեր կատարել Խոր-Վիրապ, Նորավանք, Սևան, Էջմիածին, Գեղարդավանք:
Դասընթացների վերջում ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:





