«Մենք չափազանց շահագրգռված ենք այն բանում, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ լինեն լավ, կայուն եւ զարգացած հարաբերություններ: Չկան այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերվեին Վրաստանին եւ բացասաբար չազդեին մեզ վրա»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վրաստանի հեռուստատեսության Առաջին պետական ալիքին տված հարցազրույցում: Նախագահի կարծիքով, տվյալ փաստը ակնհայտ է: Ընդ որում Հայաստանի ղեկավարը նշել է, որ եթե կա հետաքրքրություն, ապա Հայաստանը կջանա անել ամեն հնարավորը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման համար: Միեւնույն ժամանակ Ռ.Քոչարյանը նշել է, որ հայկական կողմի միջնորդական ռեսուրսը սահմանափակ է , իսկ «վերջին խոսքը, իհարկե, վրացական եւ ռուսական կողմերինն է»: «Իրականում համագործակցության շատ մեծ ներուժ կա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-ասել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, «զգացմունքները պետք է մի կողմ դնել եւ շատ պրագմատիկ, ռացիոնալ հիմքի վրա որոշել, թե ինչն է շահավետ երկու կողմերի համար, եւ փորձել հասնել դրան»:





