Հնարավոր է, որ Վրաստանի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխարգելել Վրաստանի եւ Հայաստանի նախագահների դեմ ուղղված մահափորձը: Ինչպե հաղորդել է Utro.ru-ն` վկայակոչելով «Ռուսաստան» հեռուստակայանի «Վեստի» ծրագիրը, մյուզիք-հոլի շենքում, ուր պետք է ժամանեին Միխաիլ Սահակաշվիլին եւ այցով Թբիլիսիյում գտնվող Ռոբերտ Քոչարյանը, հայտնաբերվել են նշանառուի հրացան եւ Կալաշնիկովի ավտոմատ երկու պահեստատուփով: Ինչպես հաղորդել են Վրաստանի պետանվտանգության նախարարությունում, պահեստային տարածքում գտնվող թաքստոցը հայտնաբերել են հյուրերի գալուց մի քանի ժամ առաջ: Չնայած այդ միջադեպին` երկու երկրների ղեկավարները այնուամենայնիվ ժամանել են «Աջարա մյուզիք-հոլ»: Մինչ այդ իրավապահ մարմինների աշխատակիցները անց են կացրել հանդիսատեսների եւ կատարողների մանրազնին խուզարկություն: Այժմ հատուկ ծառայությունները պարզում են, թե ում էր պատկանում զենքը եւ ինչպես է այն հայտնվել շենքում:





