AM
10 Հուլիս 2012 - 14:41 AMT

Քաղաքապետը մասնակցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր շինությունների բացման արարողությանը

Մայրաքաղաքի 2012 թվականի զարգացման ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին տեղում հետևելու և կատարածը գնահատելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, շրջայցի շրջանակում քաղաքապետը բնակիչների հետ միասին նախ մասնակցել է Ռուբինյանց 2, 2/1, 2/2 շենքերի միջնամասի նորակառույց բակի հանդիսավոր բացմանը:

Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Լեփսիուսի 6 հասցեի նորակառույց բակի բացմանը: Կառուցումից հետո բակում ստեղծվել են հանգստի մի քանի գոտիներ, ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Տեղադրվել են նստարաններ, խաղային ատրակցիոններ ու զրուցարան:

Ուլնեցի 2-րդ փակուղու 1, 2-րդ շենքերի բակում կառուցված նոր խաղահրապարակը քաղաքապետի այցի պահին լեփ-լեցուն էր աշխույժ փոքրիկներով ու ոգևորված բնակիչներով: Բակի բարեկարգումից զատ այստեղ նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շենքերի և ավտոտնակների պատերը:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել նաև փակուղու հարակից շենքերը կապող վերանորգված աստիճանահարթակը, որի շինարարական աշխատանքների ընթացքին Տարոն Մարգարյանը հետևել էր դեռ ապրիլին այս վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:

Այնուհետ քաղաքապետը այցելել է թիվ 151 մանկապարտեզ, որտեղ քաղաքային ծրագրերի շրջանակում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել ու հետևել է նաև Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին:

Քաղաքապետը այցելել է նաև մայրաքաղաքի այս տարվա ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկի` Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի շինհրապարակ և տեղում հետևել աշխատանքների ընթացքին: