Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն մասին, որ շրջանառության մեջ կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ, ինչպես նաև Ֆրանսիայի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հայտարարությունն այն մասին, որ երկու երկրների տարաձայնություններն այդ օրինագծի պատճառով հարթվել են: Ելույթ ունենալով մամլո ասուլիսում Երևանում՝ Անրի Ռենոն նշեց, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ հավատարիմ է մնում նախկինում տված խոստումներին: «Այժմ աշխատանք է տարվում, քննարկվում է, թե ինչպես կարելի է այն կրկին շրջանառության մեջ դնել»,-հավելել է նա:
Ըստ Ռենոյի, Հայոց ցեղասպանության հարցն ու այդ օրինագիծը զգայուն հարց են Ֆրանսիայի համար, հաշվի առնելով մեծ հայ համայնքի առկայությունը:
Դեսպանը հիշեցրել է, որ նախընտրական արշավի ժամանակ Օլանդը հայտարարեց, թե չի սպասելու նախագահության ժամկետի ավարտին, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին շրջանառության մեջ դնելու համար: Ռենոն նշեց նաև, որ այդ օրինագիծը Ֆրանսիայի ներքին գործն է, դրա վրա այլ երկրներ ազդել չեն կարող:





