«168 Ժամ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, իշխանական վերնախավում ու ԱԱԾ–ում փակուղային իրավիճակ է ստեղծվել` կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ։
«Ավելի քան 2 շաբաթ է` այդ գործի ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, և Վ. Օսկանյանը չի հրավիրվել հարցաքննության։ Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԱԾ–ն բավարար փաստեր չունի ապացուցելու, որ հիմնադրամը զբաղվել է փողերի լվացմամբ, ինչի առիթով մայիսի 25–ին հարուցել էր քրեական գործ։
ԱԱԾ լրատվության պատասխանատու Արծվին Բաղրամյանը մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել, որևէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունները։ Ընդամենն ասել է, թե «նախաքննության գաղտնիությունից ելնելով` ոչինչ չի կարող ասել»,–գրում է թերթը։





