AM
13 Հուլիս 2012 - 08:26 AMT

Հոգևորական. Քրիստոնեական տոները պետք է արդիականացվեն և համապատասխանեն ժամանակաշրջանին` չկորցնելով իմաստը

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը քրիստոնեության տաղավար տոներից է և այն, ինչպես բոլոր տաղավար տոները, արտահայտում է Քրիստոսի կյանքի կարևորագույն դրվագներից մեկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով այս տարի հուլիսի 15-ին նշվող Վարդավառ տոնի մասին, ասաց հայր Շահե աբեղա Անանյանը։

«Կոնկրետ Վարդավառն այն դրվագն է, երբ Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրացել է Թաբոր լեռը և այնտեղ տեղի է ունեցել նրա պայծառկերպությունը, որն ուղեկցվել է նաև բնության զարթոնքի հետ»,–պատմեց աբեղան։

Խոսելով տոնի հեթանոսական մեկնաբանության մասին, հայր Շահեն նշեց, որ Աստղիկ աստվածուհու հետ կապված ավանդությունը գրի են առել հենց քրիստոնյա հեղինակները, սակայն դա չի խոչընդոտել, որ տոնին տրվի քրիստոնեական բովանդակություն և մեկնաբանություն։

Աբեղան նշեց, որ եկեղեցին վերցրել է հեթանոսական տոնի միմյանց վրա վարդաջուր ցանելու ավանդությունը, որը կիրառվում է պատարագի ժամանակ` մասնակիցների վրա պատարագչի կողմից վարդաջուր ցողելով։

Անդրադառնալով տոնի խաղային բնույթին`հոգևորականը նշեց.

«Քրիստոնեության ցանակացած տաղավար տոն ունի խաղի և սոցիալական հավաքականության բնույթ, օրինակ դեռևս հնուց մարդիկ այդ տոններին ուխտագնացության էին գնում և դրանից հետո շարունակում տոնը խաղերով»։

Աբեղան ասաց, որ եկեղեցին ոչ մի դատապարտելի բան չի տեսնում այդ օրը միմյանց վրա ջուրց ցանելու մեջ, հակառակը`այն կարծիքին է, որ տոնը պետք է պահելով իմաստը արդիականացվի և համապատասխանի ժամանակաշրջանի ոգուն։