AM
13 Հուլիս 2012 - 12:41 AMT

Միշել Մոսեսյանն ու քաղաքապետը քննարկել են ճարտարապետության բնագավառում համագործակցության հարցեր

Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ասել է. «Ծանոթ լինելով համաշխարհային ճարտարապետության մեջ ձեր ներդրած ավանդին և կարևորելով Երևանում նոր ու ժամանակակից նախագծերի, մտահղացումների կյանքի կոչման առաջնահերթությունը, կարող եմ վստահեցնել, որ ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը, պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակում ընդառաջել»:

Միշել Մոսեսյանն ընդգծել է, որ իսկապես տպավորված է մայրաքաղաքի ճարտարապետությամբ և ցակություն է հայտնել հանրային տարածքներում ստեղծել ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք առավել ներկայանալի ու հարմարավետ կդարձնեն Երևանը:

Քաղաքապետն առաջարկել է քաղաքապետարանի պատասխանատուների հետ համատեղ անցկացնել մասնագիտական քննարկում և ձևավորել հստակ առաջարկ: