Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Զինված ուժեր հոգևոր սպասավորության մեկնող հինգ եկեղեցականների` Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, հանդիպմանը Վրթանես Սրբազանը Վեհափառին է ներկայացրել Հայոց բանակի նոր հոգևոր սպասավորներին, նաև անդրադարձել է բանակի հոգևոր սպասավորության գործունեությանը:
Վեհափառ Հայրապետը կոչ է արել նվիրումով հովվական աշխատանք իրականացնել այն գիտակցությամբ, որ բանակը հայոց պետության և ժողովրդի գոյության երաշխիքն է:
Ներկայումս ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունն ունի տարբեր զորամասերում սպասավորող 47 եկեղեցականներ: Այս տարի լրանում է առաջնորդության 15-ամյակը:





