Ըստ «ՉԻ» տեղեկությունների, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մասամբ լուծել է վերստին իր աթոռին հաստատվելու հարցը: Չնայած նրան, որ խորհրդարանական ընտրությունների խայտառակ ցուցանիշներից հետո ՀՀԿ վերնախավը` ի դեմս Տիգրան Սարգսյանի և շատ ուրիշների չթաքցրեց իր վերաբերմունքը Վարդանի նկատմամբ, այդուհանդերձ խոսում են այն մասին, որ Վարդանը իր աստվածատուր լեզվի և շնորհքի օգնությամբ կարողացել է սառույցր կոտրել: Լուրեր կան, որ Գյումրիի քաղաքապետի համար այս ընթացքում վերին էշելոնի մոտ միջնորդություններ են արվել ինչպես կոալիցիոն գործընկեր, ՕԵԿ լիդեր Արթուր Բաղդասարյանի, այնպես էլ Վարդանի հոգևոր շրջանակների կողմից, ինչն էլ, ըստ էության, իրավիճակը փոխել է: Ասում են` ՀՀԿ վերնախավր մտափոխվել է ու որոշել վերանայել Վարդանի հարցը և վերջապես վճռել, թե որ տարբերակն է իրենց համար ավելի ձեռնտու: Վարդանին տուն ճանապարհե՞լը, թե՞ նորից նրան «շանս» տալը, որի դեպքում գուցեև Վարդանիկը կկարողանա դարձի գալ` բերելով ՀՀԿ-ի համար պահանջվող ձայները:
«ՉԻ»-ն փորձել է վերոնշյալ տեղեկության վերաբերյալ ծանոթանալ և´ ՀՀԿ-ի, և´ անձամբ Վարդան Ղուկասյանի կարծիքին, սակայն երկու դեպքում էլ թերթի փորձերը ապարդյուն են անցել: ՀՀԿ պատասխանատուները պարզապես ռադիոծածկույթից դուրս էին գտնվում, իսկ ահա Վարդան Ղուկասյանի բջջային հեռախոսի օպերատորն էլ օրվա ընթացքում անընդհատ պատասխանում էր. «Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ»:





