Հայաստանի հեռահաղորդակցային մենաշնորհատեր «Արմենտել» ընկերության արտոնագրի կետը, ըստ որի կազմակերպությանը 15 տարի ժամկետով տրամադրվել են մենաշնորհային իրավունքներ հիմնական հեռահաղորդակցային ծառայությունների համար, որոնք տրամադրվում են հանրային հեռախոսային ցանցի միջոցով, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Հայաստանի կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ: Այդպիսով, ինչպես նշել է նախարարը, խոսակցություններն այն մասին, թե «մի ժամանակ ընկերության մենաշնորհի ոլորտը ընդգրկում էր միայն հեռախոսային ծառայությունները, իսկ այսօր ընդգրկվել են նաեւ հիմնական հեռահաղորդակցման ծառայությունները» չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, էական փոփոխություններ չեն մտցվել նաեւ փողոցներում բնակչության հեռախոսային սպասարկման «Արմենտելի» մենաշնորհի հարցում: Շարժական կապի ծառայությունների տրամադրման ոլորտում ընկերության մենաշնորհի վերաբերյալ Դ.Հարությունյանը նշել է, որ «եթե այսօր «Արմենտելը» ունի այդ ծառայությունների տեսակի լիակատար մենաշնորհ, ապա վաղը այդ իրավունքից կհանվեն GSM-ծառայությունները, շարժական արբանյակային ծառայությունները եւ հատուկ շարժական ռադիոծառայությունները»: Միեւնույն ժամանակ, անգլերենից արտոնագրի տեքստի թարգմանության ճշտման արդյունքում, կառավարությունը հասել է այն բանին, որ արբանյակային սեգմենտի միջոցով տվյալների մուտքը Հայաստան (access բառի թարգմանության ճշտման արդյունքում, որը սխալմամբ մեկնաբանվել էր որպես «ելք», իրական «հասանելիություն» նշանակության փոխարեն) դուրս է եկել ընկերության մենաշնորհի ոլորտից: Ինչպես հայտարարել է Դ.Հարությունյանը, «Հայաստան մտնող տվյալների ծավալը այսօր գերազանցում է դուրս եկողների ծավալը ութ անգամ` դա թրաֆիկի էական մասն է: Եթե նախկինում «Արմենտելը» ապահովում էր տվյալների մուտքն հանրապետություն, իսկ այստեղ վաճառում էր, այսօր այդպիսի օրինական իրավունք ունի ցանկացած այլ ընկերություն»: Բացի այդ, նախարարի խոսքերով, «Արմենտելը» կպահպանի ընկերության կողմից անցկացված օպտիկամանրաթելային մալուխի օգտագործման մենաշնորհը: Անդրադառնալով ինտերնետ-հեռախոսակապի թեմային (IP-հեռախոսակապ), նախարարը նշել է. «Գործող արտոնագիրը մատնանշում է, որ ընկերության մենաշնորհն է հանդիսանում միջազգային հեռախոսակապը կամ մեկ այլ ներպետական կամ միջազգային հեռախոսակապ, որը հնարավոր կդառնա պագայում, եւ որը անմիջականորեն կմրցակցի ընկերության այլ մենաշնորհների հետ»: Ընդ որում, Դավիթ Հարությունյանի խոսքերով, կառավարությունը պարտավորեցրել է «Արմենտելին» հնարավորություն տալ հանրապետության քաղաքացիներին օգտվել նաեւ ավելի ցածր որակ ունեցող, սակայն գների առումով մատչելի IP-հեռախոսակապից: Հիշեցնենք, որ բազմաթիվ մասնավոր սուբյեկտների կողմից տրամադրվող ծառայությունների այդ տեսակը, ժամանակին մենաշնորհատերի ջանքերով չեզոքացվել էր, որպես իրական մրցակցություն ապահովող ոլորտ: Դ.Հարությունյանի խոսքերով, ճշտվել են նաեւ այն դրույթները, որոնք թույլ կտան բացառել հնարավոր նոր օպերատորի «շրջափակումը», եթե նմանը հայտնվի Հայաստանում: Ինչ վերաբերում է ստորագրման նախապատրաստվող Կառավարության եւ «Արմենտելի» հաշտեցման հուշագրին, նախարարը նշել է, որ եթե այդ փաստաթուղթը չստորագրվի 10 օրվա ընթացքում, ապա «մենք կրկին կվերադառնանք մարտի դաշտ»:





